ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով երեկ Reuters գործակալության կողմից Հայաստանի և Իրանի միջև բանկային նոր համագործակցություն սկսելու մասին հոդվածին և դրա վերաբերյալ Կենտրոնական Բանկի հայտարարությանը, ասել է, որ այնքան մտահոգիչ չէր լրագրողական հոդվածը, որքան ԿԲ նախագահի՝ ժամեր անց հրապարակված հերքումը:
«Կետնրոնական բանկը, որպեսզի իմանա, թե որևէ բանկ գործարքներ կատարում է իրանական գործընկերների հետ, պետք է հարցում անի տվյալ բանկեր և հաշվետվություն ստանա: Կարծես՝ հարցնեն քեզ՝ ձեր թաղամասում կա Պողոս անունով մարդ, դու անմիջապես հերքես: Չէ՞ որ կարող են արդարացիորեն առարկել՝ այդքան շուտ ինչ իմացաք։ Դա շատ վախեցած արձագանք էր, պանիկայի մեջ հայտնված մարդու արձագանք, որ արագ փորձում է արդարանալ: ԿԲ-ն պարտավոր էր ավելի պրոֆեսիոնալ պատասխան տալ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Բագրատյանը:
Հիշեցնենք, որ Reuters-ը, հղում անելով Իրանում և ՄԱԿ-ի Իրանի հարցով խորհրդում իր աղբյուրներին, գրել է, թե Իրանը բանկային գործունեություն է մտադիր սկսել Հայաստանում ՝ այսպիսով փորձելով շրջանցել իր դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները, որոնցով Արևմուտքը փորձում է կանխել Իրանի միջուկային ծրագրերի իրականացումը: Աղբյուրը նշել է նաև, որ Իրանը բանկային համագործակցություն խորացնելու է, մասնավորապես, ACBA Credit Agricole Bank-ի և իրականան Mellat-ի հետ:
Այս լուրը անմիջապես հերքել է Հայաստանի Կենտրոնական բանկը՝ իր տարածած մամլո հաղորդագրությամբ, ինչպես նաև Հայաստանի բանկերի միությունը:
Բագրատյանը նկատել է նաև, որ նման հեղինակավոր պարբերականի նման հորդվածը չի կարող անարձագանք մնալ, սակայն թե Հայաստանը միջազգային գործընկերների ճնշումներին կարժանանա, թե ոչ, դժվար է կանխագուշակել: Տնտեսագետը հիշեցրել է, որ հայ-իրականական բանկային համագործակցությանն անրդադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում: