Home / Հայաստան / Զինծառայողը հացադուլը չի դադարեցնի, մինչև նախագահից պատասխան չստանա

Զինծառայողը հացադուլը չի դադարեցնի, մինչև նախագահից պատասխան չստանա

Դատապարտյալների հիվանդանոցից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Սուրեն Կիրակոսյանը արդեն մեկ ամիս է՝ հացադուլ է անում  և մտադիր չէ այն դադարեցնել մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չպատասխանի իր բաց նամակին: Այս մասին Epress.am-ին հայտնել է Կիրակոսյանի իրավունքների պաշտպան, «Հելիսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Գայանե Խաչատրյանը, ով երեկ այցելել է նրան: Խաչատրյանի խոսքով՝   իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է:

Կիրակոսյանը նախագահին մեկ շաբաթ առաջ ուղղած նամակում նշել է, որ իրեն մեղսագրվող արարքը կատարել է դրդված, քանի որ, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, զորամասում բուժում չի ստացել, ներկայումս էլ չի ստանում բուժում մեկուսարանում:

Հիշեցնենք, որ Սուրեն Կիրակոսյանի դեմ Սյունիքի մարզի դատարանը վճիռ է կայացրել՝ նրան մեղավոր ճանաչելով քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով ՝ զորամասից փախուստ կատարելու համար, որը պատժվում է առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ: Կողմի վերաքննիչ բողոքը դատարանը մերժել է:

Գայանե Խաչատրյանը հիշեցրել է, որ Կիրակոսյանին տարել են բանակ, թեև բժշկական փորձաքննությամբ դա անել կարելի էր միայն նրան բուժելուց հետո: Հիշեցենենք, որ տղան տառապել է սնկախտով:

Ավելին՝ ծառայության ընթացքում էլ զինվորը բուժում չի ստացել, և զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Ահա թե ինչու փախուստի դիմելը զինվորի փրկվելու միակ ելքն է եղել: Նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար:

Շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Կիրակոսյանը առաջին հացադուլը հայտարարել էր ապրիլին, որը տևել էր 52 օր, իսկ հունիսի 12-ին նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: