19-ամյա զինծառայող Ռուբեն Միքայելյանը, ում մեղադրում են զինվորական ծառայությունից ապօրինի խուսափելու մեջ, բանակ զորակոչվելուց առաջ մեկ տարի հոգևոր կրթություն է ստացել Վազգենյան ճեմարանում, և նրա բանակային դժբախտությունները՝ ընդհուպ մինչև բժիշկների ձեռքն ընկնելը և ամբաստանյալի աթոռին հասնելը, սկիզբ են առել հոգևորական լինելու համար ծաղրականքներ ստանալուց: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է երիտասարդի իրավունքների պաշտպան Գայանե Խաչատրյանը:
Պաշտպանը ներկայացրել է գործի մանրամասները՝ նշելով, որ Միքայելյանը երակները կտրել է վախից, քանի որ զորամասի վերադասը սպառնացել է նրան:
Ռուբեն Միքայելյանի ծառայության գնալու առաջին իսկ օրվանից զորամասի սերժանտը և այլ զինծառայողներ երբեք անունով չեն դիմել, այլ կանչել են «տերտեր»: Նրան զինակիցները պարբերաբար հայհոյել են, վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին, սակայն Ռուբենը, լինելով քրիստոնեական արժեքների կրող, ոչ մի պատասխան չի տվել, ինչը պատճառ է հանդիսացել, որ ճնշումները իր հանդեպ ավելանան: Ի վերջո, սենյակները մաքրելու համար պատասխանատու Միքայելյանին սերժանտ Սուրեն Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել այն բանից հետո, երբ զինվորը հորդորել է զինակիցներին վերցրած աթոռները հետ տանել և տեղը դնել սենյակում:
Ավելին՝ սերժանտը ասել է՝ «դու քո հալը կտենաս, երբ մենք բարձրանանք դիրքեր»: Պաշտպանի խոսքով՝ այս սպառնալիքի վախից, այլ ոչ թե ծառայությունից խուսափելու համար է Մելիքյանը երակները կտրել:
Գայանե Խաչատրյանի խոսքով՝ վերը նշված հանգամանքները քննիչը հաշվի չի առնում, թեև զինվորներն իրենց ցուցմունքներում խոստովանում են իրենց արածը:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին՝ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Միքայելյանը Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է եղել, այլ ոչ թե կրոնական փոքրամասնության հետևորդ, այսինքն՝ բանակում ցանկացած հավատ ունեցողի մարդու դեմ է անհանդուրժողականություն ցուցաբերվում:
«Սա նշանակում է, որ բանակը քրեականացված մարմին է, և մարդը, ով այդ օրենքները չի ընդունում, ավտոմատ դառնում է ճնշումների առարկա»,- ասել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Մելիքյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը):
Օգոստոսին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Միքայելյանի և սերժանտ Սուրեն Մխիթարյանի դեմ դատական գործով նիստը հետաձգվել էր, քանի որ սերժանտը չէր ներկայացել, թեև պատշաճ կերպով ծանուցվել էր:
Հունիսի 28-ին Միքայելյանի մայրը (լուսանկարում) և տատը հացադուլ էին հայտարարել ՀՀ Կառավարության շենքի մոտ, որի ընթացքում տատիկի առողջությունը վատացել էր և վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց: