Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար առաջնորդվում են գեբելսյան քարոզչության սկզբունքով, այն է` եթե ասես բավական մեծ սուտ և այն կրկնես, մարդիկ արդյունքում կհավատան դրան: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը:
Համաձայն Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարության մեջ առկա հիշեցման՝ նախօրեին Բիշկեկում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Դավութօղլուն, մասնավորապես, նշել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիային պետք է վերջ դրվի, քանի որ այն մեծ խոչընդոտ է Հարավային Կովկասի զարգացման համար»:
«Ի գիտություն թուրք դիվանագետի` նշեմ, որ Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտ հանդիսանում են հենց Թուրքիան և Ադրբեջանը: Առաջինը շուրջ երկու տասնամյակ շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն և մերժում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ երկրորդն արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ խաղաղ բանակցություններին միտված ջանքերը` շարունակելով օկուպացրած պահել ԼՂՀ որոշ տարածքներ:
Եթե թուրք պաշտոնյան իսկապես այդքան մտահոգ է Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտմամբ, ապա արդարացի կլինի` կոչ անի, որ իր երկիրը կատարի իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, դադարեցնի փակ պահել Եվրոպայի միակ փակ սահմանը և չմիջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին», – նշել է Շարմազանովը: