Ռուսաստանցի բնապահպան ակտիվիստ Սուրեն Ղազարյանին կարող են բանտ նստեցնել «Պուտինի ամառանոցում» և «Պատրիարքի ամառանոցում» սկանդալային ակցիաների համար:
Հյուսիսային Կովկասի տարածքում բնապահպանական խնդիրներով զբաղվող «Էխովախտա» հասարակական կազմակերպության ղեկավար Ղազարյանին տարել են Գելենջիկի ոստիկանություն «սպանության սպառնալիքի» գործով:
Այս տարվա հունիսին ակտիվիստը, ով երեք տարի պայմանական էր ստացել ցանկապատի վրա գրառումներ կատարելու համար, այժմ նոր գործի մեջ է ներքաշվել: Նրան կասկածում են հանցագործության մեջ, որը ՌԴ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն որպես «սպանության սպառնալիք» է որակվում, հաղորդում է Lifenews.ru-ն:
«Պուտինի ամառանոցում» և «Պատրիարքի ամառանոցում» սկանդալային ակցիաներից հետո Սուրեն Ղազարյանին մեղադրել են հերթական պիկետի ժամանակ Պուտինի թիկնապահի վրա հարձակում գործելու մեջ:
Ղազարյանին հարցաքննել են և բաց թողել երկիրը չլքելու ստորագրությամբ:
ՌԴ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ակտիվիստին 2 տարվա ազատազրկում է սպառնում:
Հիշեցնենք, որ 2011-ի նոյեմբերի 13-ին ակտիվիստներ Սուրեն Ղազարյանն ու Եվգենի Վիտիշկոն Տուապսեի մերձակա էլիտար ամառանոցի տարածք էին մտել և դրա ցանկապատին գրել «Սա մեր անտառն է», «Սա մեր հողն է», «Գողերի կուսակցություն» և այլն:
Լուսանկարը՝ natpress.net կայքի