«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության կայքը հաքերային հարձակման է ենթարկվել: Ժամը 12:00-ի դրությամբ հավաքելով կայքի հասցեն՝ hahr.am, հնարավոր է տեսնել սելջուկ թուրքերի 2-րդ սուլթան Ալփարսլանի նկարը (11 դար) և կարդալ, որ կայքը կոտրել է թուրք հաքեր Turk Kursunu-ն:
Հելսինկյան ասոցիացիայից Epress.am-ին տեղեկացրել են, որ այժմ կայքի պատասխանատուներն աշխատում են խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար:
«Հելսինկյան ասոցիացիան» նաև հաղորդագրությամբ տեղեկացրել է կայքը կոտրելու մասին՝ նշելով, այդ պատճառով առայժմ հնարավորություն չունի կայքում տեղադրել տեղեկատվությունն այն մասին, որ օգոստոսի 28-ին, ժամը 14.30-ին կայանալու է Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի դատավարությունը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Վեզիրյանի գործի մանրամասների մասին կարող եք տեղեկանալ այստեղ: