Ուղղափառ քրիստոնյաները և ռուսաստանյան НТВ հեռուստաալիքի լրագրողները ներխուժել են թատրոնի սրահ այն պահին, երբ այնտեղ ներկայացում էր ցուցադրվում Pussy Riot փանկ-ռոք խմբի մասին: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում պատմել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը:
«Հենց նոր եմ վերադարձել «Սեփական աչքերով» ներկայացումից Театре.doc-ում՝ Pussy Riot-ի գործով դատի մասին: Ներկայացման ավարտին սրահ մտան «ուղղափառ քրիստոնյաներ»՝ НТВ-ի նկարահանող խմբի հետ միասին: Սկսեցին բղավել «Մեղանչեք», «Ինչո՞ւ եք ատում ռուս ազգը»: НТВ-ն նկարահանում էր: Այսինքն, հեռուստատեսության աշխատակիցները իրենց հետ են տանում այդ խմբին և նկարահանում ընդհարման արդյունքը: Հարկ է նշել, որ դահլիճը շատ արագ մարեց նրանց բռնկումը»,- գրել է Ուգարովը:
Հիշեցնենք, որ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը երկուական տարվա ազատազրկման են ենթարկվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին քշիր» փանկ-աղոթքի համար: