Եվրամիությունը Հայաստանին 60 միլիոն եվրո կտրամադրի` երկրում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական համագործակցության և ԵՄ-ի ու Հայաստանի միջև համաձայնագրերի համար:
Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը, նոր աջակցությունը ներառում է ազգային կարևոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների և դատախազների դպրոցների հիմնում, ինչն իր վերջնական արդյունքում պետք է ստեղծի անկախ, թափանցիկ արդարադատություն, որը պետք է ծառայի հայ ժողովրդին, ասված է Եվրամիության պաշտոնական կայքէջում:
Տրամադրվող ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացմանը:
Հարավային Կովկասից Արևելյան գործընկերության մեկ այլ երկրի` Վրաստանին նույնպես Եվրամիությունը 60 միլիոն եվրո կտրամադրի, որը գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանն է ուղղված լինելու:
Ադրբեջանը Եվրամիությունից ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանա` 19.5 միլիոն եվրո, որը կուղղվի արդարադատության եւ միգրացիայի ոլորտներին: