Home / Հայաստան / Թուրքիայի նախագահին, հնարավոր է, թունավորել են. նրան փոխարինում է խորհրդարանի խոսնակը

Թուրքիայի նախագահին, հնարավոր է, թունավորել են. նրան փոխարինում է խորհրդարանի խոսնակը

Թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը, ով ներկայումս բուժման նպատակով գտնվում է Հաջիթեփ համալսարանի հիվանդանոցում, կարող էր թունավորված լինել դավադրության արդյունքում:

Ինչպես հայտնում է Vesti.az-ը, նման վարկած է առաջ քաշել նախագահին մոտ կանգնած «Յուրդ» պարբերականը:

Նախագահին բուժող պրոֆեսորի խոսքով՝ Գյուլի բուժման մեթոդը սխալ էր ընտրվել: Նախագահին ջրգողություն էին ախտորոշել:

«Եթե Գյուլը տառապեր սրտային անբավարարությունից կամ շաքարախտից, հնարավոր կլիներ հասկանալ՝ որտեղից է առաջացել ջրգողությունը: Սակայն, որքան ինձ հայտնի է, Գյուլը երբեք սրտից չի բողոքել և չի տառապել շաքարախտից»,- ասել է պրոֆեսորը:

Ինչպես ասվում է պարբերականի հոդվածում, բժշկի խոսքերից դատելով՝ նախագահի թունավորման վարկածը ավելի համոզիչ է թվում:

«Ներկայումս  Գյուլը  թերապիա է անցնում, որը կտևի 5 օր: Բացի դա, արդեն հանձնաժողով է ստեղծվել, որը գնահատական կտա բուժմանը: Թերապիայից հետո կարող են խնդիրներ լինել ճնշման հետ, քաշը կարող է նվազել, հավանական են գլխապտույտները»,- ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հոսպիտալացվել է ջրգողություն ախտորոշմամբ:

Միաժամանակ, այսօր հայտնի է դարձել, որ Գյուլը նամակ է ուղարկել Ազգային Ժողովի նախագահ Ջամիլ Չիչեկին, որի համաձայն, խորհրդարանի նախագահը երեք օրերի ընթացքում իրականացնելու է Թուրքիայի նախագահի պարտականությունները: