Home / Հայաստան / Հայաստանցի շախմատիստները վստահ հաղթանակներ տարան Ստամբուլում

Հայաստանցի շախմատիստները վստահ հաղթանակներ տարան Ստամբուլում

Հայաստանի հավաքականը Ստամբուլում անցկացվող շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում 4-0 հաշվով հաղթանակ տարավ Բանգլադեշի ընտրանու նկատմամբ: Երեկ Բոլիվիայի հետ խաղում պարտություն կրած Սերգեյ Մովսիսյանին այսօր փոխարինել էր Լևոն Արոնյանը: Նա և Վլադիմիր Հակոբյանը բավական արագ պարտության մատնեցին կարգով ավելի թույլ մրցակիցներին, իսկ ահա Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը երկար խաղացին, սակայն իրենց պարտիաները ևս հաղթանակով ավարտեցին:

Տղամարդկանց մրցապայքարում մյուս ֆավորիտները իրենց մրցամարտերը  նույնպես հաղթանակով ավարտեցին: Ռուսաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց հույներին: Նույն հաշվով Ուկրաինան հաղթանակ տարավ Քաթարի նկատմամբ, իսկ Ադրբեջանը 3.5-0.5 հաշվով հաղթեց Իռլանդիային:

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց` 3-1 հաշվով պարտության մատնելով Շվեյցարիային:  Հայաստանցիների կազմում հաղթանակ տարան առաջին 3 տախտակները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան: 4-րդ տախտակին հանդես եկող Աննա Հայրապետյանը պարտություն կրեց: 3-րդ տուրում մեր թիմերի մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ: