ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հակասահմանադրական է համարում«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։
Այսօր տարածած հայտարարության մեջ Կարեն Անդրեասյանը նշում է, որ հոդվածը հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
«Բացի դա, ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան», ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, որը և հակասում է Սահմանադրությանը։ Նշված օրենքը չի ապահովում նաև ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք», – նշում է օմբուդսմենը:
Ուսումնասիրելով մի շարք պետությունների սահմանադրությունները և ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի թիվ 43/173 բանաձևը՝ ՄԻ պաշտպանը օգոստոսի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վերոնշյալ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։