Home / Հայաստան / ԱՄՆ-ի հայերը ցանկանում են հուշարձան կառուցել, թուրքերը դժգոհ են

ԱՄՆ-ի հայերը ցանկանում են հուշարձան կառուցել, թուրքերը դժգոհ են

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում գտնվող Հիշատակի այգում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցման գաղափարը  «խորապես վիրավորում է» թուրք ազգին, իսկ «ցեղասպանություն» բառի կիրառումը  իրականում գիտական քննարկումների թեմաներից է դեռևս: Ինչպես գրում է Los Angeles Daily News-ը, նման կարծիք է հայտնել Կալիֆորնիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի տեղակալ Արիֆ Չելիկը՝ բացատրելով իր երկրի դիրքորոշումը ամերիկյան քաղաքում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հուշարձան տեղադրելու նախաձեռնության վերաբերյալ:

Փասադենայի հայ համայնքը մտադիր է մասնավոր միջոցներով մինչև 2015 թվականը կառուցել հուշարձանը, և այս առնչությամբ որոշ պաշտոնատար անձինք արդեն բանակցություններ են սկսել քաղաքային իշխանությունների հետ, թեև ոչ մի նախագիծ պաշտոնապես դեռևս չի հաստատվել:

Այդուհանդերձ թուրք պաշտոնյաները փորձում են կանխել հուշարձանի կառուցումը՝ նույնպես հանդիպումներ ունենալով Փասադենայի իշխանությունների հետ:

«Սա ամբողջությամբ դեմ է մեր քաղաքի արժեքներին, օտար կառավարություն չի կարող գալ և միջամտել մեր մասնավոր գործերին» ,- ասել է Փասադենայի հայ համայնք կոալիցիայի նախագահ Խաչիկ Շահինյանը՝ մեկնաբանելով Արիֆ Չելիկի այցը Փասադենայի քաղաքապետարան, որի ընթացքում վերջինս խնդրել էր պատմել իրեն, թե ինչ ընթացք է ստացել Հայոց Ցեղասպանության հուշարձանի նախագիծը:

«Սա Անկարայի արվարձանը չէ: Փասադենան ամերիկյան քաղաք է… Փասադենան հայերի տունն է արդեն շուրջ 120 տարի», – նշել է Շահինյանը:

Նախկին քաղաքապետ, Փասադենայի հայոց Ցեղասպանության հուշարձանի հանձնաժողովի հավատարմատար Ուիլյամ Փափարյանը նշել է, որ Չելիկի այցելությունը քաղաքապետարան «թուրքական կառավարության կողմից դիվանագիտական միջամտություն է»:

Հեռակա վեճին խառնվել են նաև ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչները: Հարավային Կալիֆորնիայի թուրք-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Վեգա Շանկուրը նշել է, որ իրենք դեմ չեն հուշարձանին, այլ միայն «ցեղասպանություն» բառի օգտագործմանը: