Երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացել է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 500 դրամով, «Պրեմիումը»՝ 520 դրամով, «Սուպերը»՝ 550 դրամով:
Թերթը նշում է, որ բենզինի թանկացման վերջին փուլը սկսվել է օգոստոսի 16-ին: Այդ օրը «Ռեգուլյարի» մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացել է 480-ի: Մի քանի օր անց գինը դարձել է 490 դրամ, երեկ էլ՝ 500 դրամ: Փաստորեն, ընդամենը երկու շաբաթում բենզինը Հայաստանում թանկացել է ավելի քան 6 տոկոսով:
Թերթը նշում է, որ համաշխարհային շուկայում բենզինի գնի չնչին աճ, իհարկե, նկատվում է, սակայն դա ամբողջությամբ «չեզոքացվում է» դրամի արժևորմամբ: Դրամը վերջին շրջանում արժևորվել է մոտ 2 տոկոսով:
«Այլ կերպ ասած, բենզինի այսպիսի թանկացումը պատճառաբանված չէ», – եզրափակում է «Հայկական ժամանակը»: