Ամուսնությունից հետո իսլամ ընդունած բոլոր ռուս կանանց կարող են հատուկ վերահսկողության տակ վերցնել: Նման որոշման համար պատճառ է հանդիսացել երեքշաբթի Դաղստանի մահմեդականների հոգևոր առաջնորդ Սաիդ աֆանդի ալ-Չիրկավիի տանը ծագումով ռուս մահապարտ կնոջ կողմից իրականացված ինքնապայթեցումը:
Ներկայումս այս որոշումը քննարկվում է ուժային մարմինների ղեկավարների մակարդակով, գրում է «Իզվեստիա» պարբերականը: Փորձագետներն այս նախաձեռնությունը հակասահմանադրական են համարում, սակայն համաձայն են այն գաղափարի հետ, որ «նորաթուխ» մահմեդական կանայք ռիսկային գոտում են գտնվում:
Հայտնի կրիմինալիստ հոգեբան Միխաիլ Վինոգրադովը պատմել է՝ ինչու է ավելի հեշտ «վախեցնել և զոմբիացնել» իսլամ ընդունած ռուս կանանց: Նա կարծում է, որ «ռուս աղջիկներին շատ են սիրում մահմեդականները, քանի որ նրանք շատ ավելի լսող և զիջող կին են դառնում, քան հենց մահմեդական կանայք: Գրոհայինները հատկապես շատ են սիրում ռուս աղջիկներին, քանի որ նրանք բացարձակապես անպաշտպան են դառնում՝ հայտնվելով օտար սոցիալական միջավայրում և չիմանալով այդ ազգի սոցիալ-էթնիկ նորմերը»:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Դաղստանի մահմեդականների հոգևոր առաջնորդ Սաիդ աֆանդի ալ-Չիրկավիի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով բացի հոգևոր առաջնորդից մահացել էին ևս 6 հավատացյալներ, ովքեր եկել էին քարոզ լսելու: ՆԳՆ-ի ներկայացուցիչների տվյալներով՝ մահապարտ կինը մտել է հոգևոր առաջնորդի տուն և գործի դրել մարմնին ամրացված պայթուցիկը: