ՀԱԿ ակտիվիստ, 6 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոդված է հեղինակել, որն այսօր ԶԼՄ-ներին ուղարկել է իրավապաշտպան Արմեն Խաչատրյանը:
Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Քնած էի: Խցակիցներիս կատակով զգուշացրել էի, որ ինձ արթնացնեն միայն հրատապ տեղի ունեցող իրադարձության ժամանակ, ասենք՝ կալանքս՝ որպես խափանման միջոց, փոխելու դեպքում… Խցակիցս իրեն թույլ տվեց խախտել պայմանը և արթնացնելուց հետո ուշադրությունս հրավիրել հեռուստացույցին: Ցուցադրվում էր Բաղրամյան 26-ի դահլիճներից մեկը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում էր 2011-2012 ուս. տարվա շրջանավարտներին:
Ս.Ս.-ն իր խոսքում ասաց, որ վատ միջոցներով հնարավոր չէ հասնել լավ նպատակի և կարծես իր խրատական խոսքին օրինակ բերեց՝ «Անօրինականությամբ անհնար է հաստատել օրինականություն»:
Համամիտ եմ արտահայտված մտքի յուրաքանչյուր բառի հետ: Հիմա հարց է առաջանում՝ Վահե Ավետյանի մահվան փաստով հարուցված քրգործում առկա թերությունները, անհրաժեշտ, բայց չկատարված քննչական գործողությունները, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը միջադեպին, չստուգելու փաստն ի՞նչ բարոյական նպատակ է հետապնդում: Ի՞նչ բարոյական միջոցներ են օգտագործվում կոնկրետ այս դեպքում: Վահեի բալիկներին հայրիկի սպանության իրական հանգամանքներն իմանալու հնարավորություն տալու նպատակ կա՞:
Հարցեր շատ ունեմ: Չեմ ուզում ընթերցողին ծանրաբեռնել: Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծված ընտրություններով սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությունները ժողովրդավարությունից խոսելիս: Ինձ մոտ շատ հստակ կարծիք է ձևավորվել՝ ՀՀ ներկայիս իշխանությունները մի դեպքում են իրենց թիմակիցների անօրինական ու հանցավոր արարքներին իրական գնահատական տալիս միայն, երբ հանցավոր թիմակիցը հակադրվում է իր հովանավորներին: Այսօրվա Գյումրին՝ որպես լավագույն օրինակ»: