Երեկ երեկոյան զինված հարձակում է եղել Ախթալայի քաղաքապետ ՀՀԿ-ական Հայկազն Խաչիկյանի՝ սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր տան վրա: Հարձակվողները եղել են վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի ղեկավարությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Արսեն Չիթչյանի տանը: «ՀԺ»-ի փոխանցմամբ՝ հենց տան մեջ ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը, և քույրը` Անուշ Չիթչյանը: Չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն:
Թերթի ունեցած տեղեկություններով՝ այս ամենի պատճառ են հանդիսացել Խաչիկյանների կողմի սպառնալիքները Չիթչյանի հասցեին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ՏԻՄ ընտրություններին Չիթչյանի ակտիվության դեպքում` Խաչիկյանները սպառնացել են հրապարակել ինչ-որ տեսագրություն, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն բանի համար, ինչի համար ազատազրկման է դատապարտվել կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Եվ ահա, իմանալով այդ մասին, երեկ երեկոյան Չիթչյանը գնացել է Խաչիկյանների տուն` պատիվ պահանջելու: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, տանը իրեր են կոտրվել, ասում են` նաև կրակոցներ են հնչել, ինչից հետո Չիթչյանը դիմել է փախուստի:
Դրանից հետո Խաչիկյանների կողմնակիցները մուտք են գործել Չիթչյանների տուն և դաժան ծեծի ենթարկել տանը գտնվող ընտանիքի բոլոր անդամներին: Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե Ախթալայի քաղաքապետ և միաժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայրը` Վազգեն Խաչիկյանը, անձամբ մասնակցե՞լ են Չիթչյանի տան վրա կազմակերպված գրոհին, թե՞ ոչ:
«ՀԺ»-ն նշում է, որ իրավապահները այս դեպքում նույնպես «չեն կարողանում» պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ Հայկազ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի` «Սերժի դաբրոն» ստացած թեկնածուն է, ինչն էլ երաշխիք է, որ այդպես էլ գործը չի բացահայտվելու: Կատարվածի մասին երեկ ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հայտնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցին ասել է, որ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները ճշտվում են:
Կեսգիշերին հիվանդանոցից հայտնել են, որ Չիթչյանները գնացել են տուն: «Նրանք սրսկումներ ստացան, բայց չհամաձայնեցին մնալ, գնացին»,- ասել է ընդունարանի աշխատակցուհին` խուսափելով թերթի թղթակցին հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ են ստացել ընտանիքի անդամները: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, տատը` Բավական Չիթչյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել: