Այսօր հայտնի է դարձել, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան է արտահանձնվել, հայտնում է Vesti.az-ը:
Հիշեցնենք, որ սպանությունն իրագործվել էր Բուդապեշտում, ուր հայազգի երկու սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։ Սպանությունն իրականացվել էր ազգային հողի վրա:
2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
Նշենք, որ կայքի տեղեկություններով՝ Սաֆարովի արտահանձնման հարցով զբաղվում էր ադրբեջանցի գործարար և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռագիմովը:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր Իլհամ Ալիևի հրամանով Սաֆարովին ներում է շնորհվել: Նա ազատ է արձակվել: