Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները պահանջել են անհապաղ ազատ արձակել ՀԱԿ-ի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև արդարացնել Կոնգրեսի մյուս ակտիվիստներ Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին:
Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանն իր ելույթում պահանջելով անհապաղ ազատ արձակել Կոնգրեսի երիտասրդներին՝ նշել է, որ պետք է հարուցվի քրեական գործ, որով պատժի կենթարկվեն բոլոր մեղավորները, գործը կոծկել փորձողները, ինչպես նաև փաստաբանների և երիտասարդների նկատմամբ օգոստոսի 9-ին բազմաթիվ ապօրինություններ գործած իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում է նախորդ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով ձերբակալվել էին ՀԱԿ-ի 7 ակտիվիստներ, իսկ նրանցից 4-ին՝ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին դատարանն արդեն տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել:
Ակցիայի մասնակից գրող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը նշել է, որ երիտասարդների նկատմամբ ակնհայտ կողմնակալ բնույթ է կրել ամբողջ դատավարությունը:
«Դատավոր Գագիկ Պողոսոյանը խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ չի տվել հնարավորություն, որպեսզի ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը ավարտի իր պաշտպանական ճառը և հանդես գա իր վերջին խոսքով: Հենց միայն այս փաստը քրեական դատավարության օրենսգրքիի 398-րդ հոդվածի խախտում է, որի վրա հիմնվելով՝ Վերաքննիչ դատարանը հանգիստ կարող է գործը հետ ուղարկել և չընդունել վարույթ»,- ասել է Զառա Հովհաննիսյանը:
Այսօրվա ակցիային մասնկացում էին նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Կոնգրեսի այլ ներկայացուցիչներ: