Օգոստոսի 22-ին 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունների փորձ կատարելու և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տվյալներ պահելու կասկածանքով ձերբակալված 28-ամյա Դավիթ Փահլևանյանն անմեղ է, պնդում են նրա ծնողները: Վերջիններիս խնդրանքով Դավիթի պաշտպանությունը նրա ծնողների խնդրանքով ստանձնելու է Հելսինկյան ասոցիացիան: Այդ մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Խաչատրյանը:
«Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Դավիթ Փահլևանյանը «Օդնոկլասսնիկի» ցանցի միջոցով 8 տարեկան աղջիկ երեխայի հետ վարել է նամակագրություն, իբրև համոզել է նկարվել մանկական պոռնոֆիլմերում և այդ առիթով հանդիպում է նշանակել և հանդիպման օրը ձերբակալվել է: Այս պահին դիմել ենք Երևանի քննչական վարչության բաժին, որպեսզի որպես պաշտպան ներգրավվենք, բայց, ելնելով մամուլում տարածված լուրերից, առաջին խախտումներն արդեն իսկ տեղի են ունեցել՝ դա անմեղության կանխավարկածի խախտումն է»,- ասել է Գայանե Խաչատրյանը:
Վերջինս նշել է, որ գրեթե բոլոր լրատվական կայքերում (կոնկրետ անուններ չեն նշվել – խմբ.) Փահլևանյանին արդեն պիտակներ են կպցնում, և նյութերն այնպես են գրված, որ տպավորություն է՝ վերջինս հաստատ կատարել է այդ արարքը:
Խաչատրյանի խոսքով՝ ոստիկանության կայքում դարձյալ խախտվել է անմեղության կանխավարկածը:
«Այնտեղ կա այդ տղայի նկարը, կա այդ մանկահասակ երեխայի անուն-ազգանուն-հայրանունը, բայց հայտնի է, որ երեխաների տվյալները չեն նշվում: Նշված է որպես մեղադրյալ ներգրավված անձի հասցեն, որը կրկին խախտում է: Մեր կողմից շահերի պաշտպանություն ստանձնելու շարժառիթները հետևյալն են՝ նախ ցանկացած անձ՝ անկախ իր կատարած արարքի բնույթից, ունի շահերի պաշտպանության իրավունք, դա ամրագրված է թե եվրոպական կոնվենցիաներով, թե մեր ներպետական օրենսդրությամբ: Բացի դա, հեռուստատեսությամբ էլ գնացել է տեսագրություն, որտեղ Դավիթ Փահլևանյանն ընդունում է իր կատարած արարքը, բայց այդ տեսագրությամբ միանշանակ երևում է, որ այդ անձը խոշտանգված է, աչքերի տակ երևում են այտուցները, որը խոշտանգման հատկանիշներ են: Այդ մասին որ խոշտանգվել է, հայտնել են նաև ծնողները, Դավիթն այդ մասին հայտնել նաև իր նախկին փաստաբանին՝ տեսակցության ժամանակ», – ասել է Գայանե Խաչատրյանը:
Խոսելով նաև երեխայի հետ սեռական բնույթի թեմաների քննարկման մասին, ինչը նշված է գործում, Գայանե Խաչատրյանն ասել է, որ 8 տարեկան երեխան նախ պետք է տիրապետի համակարգչի ստեղնաշարին և այդքան փորձ ունենա մեծ մարդու հետ նամակագրություն վարելու համար: Բացի դա, Խաչատրյանն ընդգծել է, որ 8 տարեկան երեխան պետք է ընդհանարապես գաղափար ունենար սեռական հարաբերությունների, սեռական օրգանների մասին, որպեսզի կարողանար այդ թեմայով զրույց վարեր:
Այս ամենը փաստաբանին հիմք է տալիս կասկածելու, որ 8 տարեկան երեխայի անվան տակ այդ նամակագրությունը վարել է հասուն տարիքի անձնավորություն:
Հիշեցնենք, որ 1998 թվականին Հելսինկյան ասոցիացիան արդեն պաշտպանել է մի երիտասարդի՝ Արմեն Պողոսյանին, որին մեղադրում էին անչափահասի սպանության և բռնաբարության մեջ: Դատարանը հաստատել էր մեղադրանքը, սակայն 5 տարի անց Պողոսյանին արդարացրել էին և ազատ արձակել: Վերջինիս գործն այս պահին գտնվում է Եվրոդատարանում, և այդ գործի նյութերի մեջ ևս կան մեղադրյալի նկատմամբ խոշտանգման փաստեր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի