Հունգարիայում բողոքի ալիք է բարձրացել և ամբողջ հունգար ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը՝, անդրադառնալով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձմանն Ադրբեջանին և հետագա ազատ արձակմանը:
«Ես խոսում եմ իմ անունից և հունգար ժողովրդի անունից, այլ ոչ հունգարական կառավարության», – նշել է Ժիգմոնդը:
Հայագետի խոսքով՝ ինքն ուրբաթ օրը Facebook սոցիալական ցանցում գրել էր, թե ամաչում է, թե հունգարացի է:
«Սակայն երկրում բողոքի ալիքներ բարձրացան, և հունգար ժողովուրդը ներողություն խնդրեց Հունգարիայի կառավարության փոխարեն: Այժմ մարդիկ Հունգարիայում պահանջում են, որպեսզի կառավարությունը ներողություն խնդրի Հայաստանից և Սաֆարովի հարցին միջազգային հարթակներում լուծում տա: Այսքանից հետո ես կարող եմ հայտարարել, որ հպարտ եմ, որ հունգարացի եմ», – հայտարարել է Ժիգմոնդը:
Նա պատմել է, որ Սաֆարովի արտահանձնման մասին լուրը ստանալուց հետո հունգարական պարբերականներն իրենց հոդվածներում դատապարտել են կառավարության որոշումը, բացի դա, քննադատությամբ են հանդես եկել մի շարք ընդդիմադիր կուսակցություններ: Կառավարությանը քննադատել է նաև Հունգարիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Ինչպես հայտնել է հունգարացի հայագետը, երեքշաբթի Հունգարիայի քաղաքացիները նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել Բուդապեշտում: Facebook սոցցանցում այդ միջոցառմանը մասնակցելու հայտ են ներկայացրել հազարավոր քաղաքացիներ: Բենեդեկը լրագրողներին նաև ներկայացրել է Հունգարիայի կառավարությանը Ադրբեջանի արդարադատության նախարարությանը կողմից տրամադրած երաշխավորագիրն առ այն, որ Ռամիլ Սաֆարովը անմիջապես Ադրբեջան վերադառնալուց հետո բանտարկվելու է:
Հայագետը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը պարզապես խաբել է իրենց, քանի որ Հունգարիան, չնայած տնտեսական ճգնաժամի, այնուամենայնիվ, այդ գնով պատրաստ չէր լինի «վաճառել» Ռամիլ Սաֆարովին:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է 2-3 մլրդ եվրոյի ներդրումներ կատարել Հունգարիայում: