Նորվեգիայում լույս է տեսել մի քանի տասնյակ մարդկանց կյանք խլած ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի ավելի քան 7000 էլեկտրոնային նամակներն ընդգրկող գիրքը: Նրա նամակագրությունը մեկ տարվա ընթացքում պահում էր գրող և լրագրող Խյոտիլ Ստուրմակը:
«Կարևորն այն է, որ ընթերցողները կարող են ինքնուրույն կարծիք կազմել այն մասին, թե ինչ էր անում Բրեյվիկը մինչ հուլիսի 22-ը, ում հետ էր շփվում և ինչպես էր պատրաստվում ահաբեկչությանը»,-մանրամասնել է Ստուրմակը: Բրեյվիկի հետ նամակագրական կապի մեջ մտած մարդկանց մեծ մասի անունները չեն նշվում: Դեռևս հայտնի չէ, ինչպես է լրագրողին հաջողվել տիրանալ ահաբեկչի նամակներին:
Նշենք, որ Ստուրմակի գիրքը հուլիսի 22-ի իրադարձություններին նվիրված եռագրության երկրորդ գիրքն է: Լրագրողն այժմ պատրաստվում է երրորդ գիրքը գրել, որը կպատմի ահաբեկչության ժամանակ իշխանությունների գործողությունների մասին, նշում է «Ինտերֆաքսը»: Բացի դա, ողբերգական օրվա մասին իր հիշողություններով է կիսվել հենց Բրեյվիկը, ով պատրաստվում է բանտում առնվազն երեք գիրք գրել: