Home / Տեսանյութեր / ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հրաժարվել է Բաքու մեկնել

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հրաժարվել է Բաքու մեկնել

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին, իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին:

Այս մասին ասված է այսօր ՀՀ ոստիկանության կողմից տարածած հայտարարության մեջ:

«Ինչպես գիտեք, Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած պահին կացնով սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողը արտահանձնվել է Ադրբեջանին, և նրան անհապաղ ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից: ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունները կոչված են պայքարելու հանցավորության բոլոր դրսևորումների դեմ, այն դեպքում, երբ պետությունը, որի տարածքում տեղի է ունենալու ՆԳ նախարարների խորհրդի նիստը, խրախուսում է աղաղակող հանցագործությունը: Այսպիսով, հանցավորության հակազդման հարցերի քննարկումը Ադրբեջանի տարածքում, բարոյական առուով, համարում ենք անհնարին», – հայաստանյան պատվիրակության չմասնակցության պատճառների մասին ասված է հայաստանյան կողմի՝ ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդին ուղղված ուղերձում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաջորդ քայլով հետ են կանչվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային Ակադեմիայում վերապատրաստում անցնող ոստիկանության 10 ծառայողներ:

ՀՀ ոստիկանության պետի` ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին հղած ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձր է գնահատում հայ ոստիկանների վերապատրաստման նպատակով տարբեր թեմաներով պարբերաբար դասընթացներ կազմակերպելու Ձեր ջանքերը, որոնք նպաստում են նրանց մասնագիտական կատարելագործմանը եւ գիտելիքների խորացմանը: Սակայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը ստեղծված իրավիճակում չի կարող  մնալ մի երկրի տարածքում, որը հրաժարվել է արդարադատությունից և գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը մոտակա օրերին կլքի Բուդապեշտը եւ կվերադառնա Հայաստան: Կարծում եմ` ԱՄՆ կառավարությունն ըմբռնումով կմոտենա մեր քայլին, առավել եւս, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ»: