Բուդապեշտին՝ դատապարտյալին հայրենիք արտահանձնելու դրդած պատճառները ինչպիսին ասես, որ չեն կարող լինել, սկսած հայկական պարբերականների առաջ քաշած վարկածներից՝ վերջացրած ադրբեջանական էներգակիրների մեջ շահագրգռվածությամբ: Սակայն պատճառը պետք է շատ ծանրակշիռ լինի: Նման քայլի գնալուց առաջ բացառվում է, որ հունգարական իշխանությունները չկանխատեսեին ներքին հակառակորդների, Արևմուտքի խիստ բացասական արձագանքը, և հնարավոր է նաև, միջազգային թատերաբեմում ընդհանուր սուր հակազդեցությունը: Այս մասին «Սաֆարովի ազատության գինը» հոդվածում գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի վերլուծաբան Յուրի Ռոքսը:
«Ադրբեջանը, իհարկե, իր շահերն ունի տեղի ունեցածում: Սաֆարովին ազատություն նվիրելով (ազգային հերոս է նա, թե քնած մարդու մարդասպան, իհարկե, վերջիվերջո ադրբեջանական ազգի խնդիրն է)՝ նախագահ Իլհամ Ալիևը, իհարկե, նույնպես գիտակցում էր Արևմուտքի արձագանքը: Իր այս քայլով, ըստ ամենայնի, նա որոշ հարցերում առանց միջազգային հանրության վրա ուշադրություն դարձնելու գործելու հարցում իր ինքնաբավությունն ու պատրաստակամությունը ցուցադրեց: Այս լույսի ներքո՝ ուշագրավ է այն, որ Սաֆարովի ներումը տեղի ունեցավ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հերթական հոբելյանի նախօրեին: Դատապարտված սպային ազատ արձակելով՝ Ադրբեջանի առաջնորդը կարող էր նաև այլ նպատակ հետապնդել՝ բարձրացնել ինչպես ազգային բանակի մարտական ոգին, այնպես էլ իր ողջ ժողովրդի, որը համոզվեց, որ իշխանությունները իրենց հերոսներին դժվար կացության մեջ միայնակ չեն թողնում: Եվ, վերջապես, Ադրբեջանի իշխանությունները, որոնք սկսել են որոշակի անհարմարավետություն զգալ երկրում ընդդիմադիր տրամադրությունների ակտիվացման կապակցությամբ, հաջորդ տարի կայանալիք ընտրությունների նախաշեմին լավ խաղաքարտ ձեռք բերեցին՝ ազգայնական տրամադրված հանրության հետ խաղալու համար:
Հայաստանն, իհարկե, իրեն խոցելի չի կարող չզգալ: Սակայն, եթե կրկին մի կողմ թողնենք զգացմույքայնությունը, ապա ստացվում է, որ Երևանն այս պատմության մեջ քիչ բան է կորցնում: Անշուշտ, խոցվել է պետական և ազգային ինքնասիրությունը: Բայց ո՞ւմ կողմից: Հունգարիայի՞ կողմից, երկիր, որն անգամ դեսպանատուն չունի Հայաստանում: Երևանի պատասխան քայլերը պատական մակարդակում ամբողջովին ադեկվատ են:
Բայց ամենակարևորն այն է, որ Ղարաբաղի հարցի շուրջ տարվող բանակցություններում հայկական կողմն այժմ կարող է մատնանշել մեկ միացյալ պետության կազմում Լեռնային Ղարաբաղի և դրա բնակչության հիասքանչ ապագայի վերաբերյալ Ադրբեջանական կողմի հայտարարությունների և խոստումների սնանկությունը: Արևմուտքի համար, որի ընկալման մեջ ադրբեջանական իշխանությունների կողմից ներում է շնորհվել սովորական մարդասպանին, դա լուրջ փաստարկ է: Եվ Բաքուն դժվար թե կարողանա իրավիճակի մեկնաբանությունն ի օգուտ իրեն փոխել՝ որքան էլ որ փորձի իր օրենսդրությանը դիմել, որը իրավունք է տալիս դատապարտված սպային ներում շնորհելու»,-մասնավորապես, գրում է Ռոքսը: