Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՌԴ Արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովն ընդունել է Մոսկվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին՝ վերջինիս խնդրանքով, հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:
Հանդիպման ընթացում քննարկվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով ադրբեջանական և հունգարական իշխանությունների իրականացրած քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակը: Կողմերը լուրջ մտահոգված են տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա հնարավոր բացասական հետևանքների հեռանկարով:
Այս առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ Ռուսաստանում խորապես մտահոգված են 2004 թվականին Հունգարիայում հայ սպայի հանդեպ հատուկ դաժանությամբ իրագործված սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի ներման, ինչպես նաև նրան Ադրբեջանին արտահանձնելու մասին հունգարական իշխանությունների որոշման լուրերով: Կարծում ենք, որ Ադրբեջանի, ինչպես նաև Հունգարիայի այս գործողությունները հակասում են միջազգային մակարդակներում և, նախևառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված ջանքերին և տարածաշրջանում լարվածության նվազեցմանը ուղղված քայլերին:
Ակնկալում ենք, որ շատ շուտով ստեղծված իրավիճակին համապատասխան գնահատական կտրվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»:
Նշենք, որ արտահանձնման փաստին գերտերությունների ղեկավարներից առաջինն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ռուսաստանը մինչ այժմ երկրի նախագահի կամ վարչապետի մակարդակով դեպքին չի արձագանքել: