Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը:
Կուսակցությունը նշում է, որ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
Օրենքի նախագծում նշվում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն, քանի որ ԼՂՀ-ն, իբրև ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Բացի դա նախագծում նշվում է, որ այսօր ԼՂՀ-ն` իբրև անկախ պետություն, կայացած իրողություն է, և մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեև ԼՂՀ-ն և Հայաստանը տևապես պատրաստակամություն և քաղաքական կամք են դրսևորել` գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: