Մինչև սեպտեմբերի 11-ը ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի Եվրադատարանի 3 հարցերին, որոնք առաջադրվել են 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիմումի քննության շրջանակներում: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է դիմողի` ՀՀ առաջին նախագահ, 2008թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Եվրադատարանում ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
Եվրադատարանը դիմումը մասնակի քննության է ընդունել: Մասնավորապես, Եվրադատարանի կողմից կառավարությանն ուղղված առաջին հարցադրումը վերաբերում է 2008թ. նստացույցի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ազատության և տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը: Երկրորդ հարցը վերաբերում է 2008թ. փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը տեղի ունեցած հավաքների ազատության սահմանափակման ու մարտի 1-ին հանրահավաքը ցրելու օրինականությանը: Երրորդ հարցը ևս վերաբերում է մարտի 1-ին` առնչվում է այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքին: Այսինքն, այս գործով ԵԴ-ի վճիռը վերաբերելու է մարտի 1-ի դեպքերին: