Այս շաբաթը ծանր եղավ բոլոր նրանց համար, ովքեր հույս ունեին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում կստանա: Այս մասին BBC-ի ռուսաստանյան ծառայությունում հրապարակված հոդվածում գրում Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ, Ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:
«Ներում շնորհելով ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորը սադրիչ քայլ է կատարել», – մասնավորապես, նշում է փորձագետը:
«Էթնիկ դրդապատճառներով 2004 թվականին իրագործված դաժան սպանությունը զգացմունքների անխուսափելի պոռթկման պատճառ դարձավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Տեքստային պատերազմներ սկսվեցին ԶԼՄ-ներում, որտեղ որպես կանոն թույլ է տրվում ասել ավելին, քան կարող են ասել պաշտոնական անձինք: Հայաստանում Մարգարյանի հուղարկավորության արարողությունը պետական մասշտաբի իրադարձություն էր: Ադրբեջանի խորհրդարանի որոշ պատգամավորներ հանդգնեցին Սաֆարովին հերոս անվանել: Սակայն շատ ադրբեջանցիներ ամոթի զգացում ունեցան Սաֆարովի արարքի համար: 8 տարի անց իրավիճակը արմատապես փոխվել է, և մենք դեռ պետք է հասկանանք, ինչպիսին կլինեն դրա հետևանքները:
Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն հայտարարում են, որ դժգոհ են խաղաղարար գործընթացից: Այժմ Հայաստանը հավելյալ առիթ ստացավ հրաժարվելու համար խաղաղ բանակցություններին մասնակցությունից: Որոշ հայ վերլուծաբաններ առհասարակ կոչ են անում արմատական գործողությունների գնալ՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նաև մտավախություն կա, որ Հայաստանի ֆանատիկորեն տրամադրված տարրերը կփորձեն վրեժ լուծել: Այսպիսով, ադրբեջանական կառավարության գործողությունները չի կարելի սովորական սխալ համարել: Ավելի շուտ դա տագնապալի վկայությունն է այն խորհուրդների որակի մասին, որոնք Ալիևին տալիս է նրա մերձակա շրջապատը:
Ցավոք սրտի, այս իրավիճակից հաղթած են դուրս գալիս միայն երկու կողմերի արմատական տարրերը: Հայաստանում կոշտ ուղու կողմնակիցները ևս մեկ առիթ ստացան ադրբեջանցիներին «վստահության անարժան բարբարոսներ» անվանելու համար:
Ես անձամբ ճանաչում եմ շատ ոչ կառավարական ադրբեջանցի ակտիվիստների և անգամ միջին դասի պաշտոնյաների, որոնք տեսախցիկներից այն կողմ հայերի հետ երկխոսություն էին հարթում: Տեղի ունեցածից հետո նրանց ջանքերը կարելի է կորսված պարգև համարել:
Եթե որևէ դրական բան կարող է լինել այս մռայլ դրվագում, ապա դա այն է, որ միջազգային հանրությունը, հնարավոր է, ավելի շատ ուշադրություն կդարձնի Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության վտանգին: Այս հակամարտությունը բոլորովին էլ սառեցված վիճակում չէ, ի հեճուկս տարածված կարծիքի: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեռևս փափուկ միջնորդական ջանքերը կողմերին չեն հեռացրել իրենց անհաշտվելի դիրքերից:
Իսկ Բաքվում Սաֆարովին ցուցաբերած ընդունելությունը ենթադրում է, որ իրավիճակը ավելի շուտ դեպի պատերազմ է գնում, քան խաղաղություն: Այդ ուղղությունը կարելի է դեռևս կանգնեցնել, սակայն անհետաձգելի դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել»,- գրում է Դե Վաալը: