Հայաստանի հավաքականն իր առաջին պարտությունը կրեց Ստամբուլում անցկացվող Շախմատային Օլիմպիադայում: 7-րդ տուրում հայաստանցիները 1,5:2,5 հաշվով պարտություն կրեցին Չինաստանի հավաքականից:
Մեր թիմի կազմում ոչ-ոքիներ խաղացին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը, իսկ ահա երկրորդ տախտակին Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով պարտվեց Վան Յուէին: Մովսեսյանը միջնամասում առավելություն ստացավ, սակայն կոպիտ սխալ գործեց և առավելությունը զիջեց մրցակցին, որն էլ ստիպեց հայաստանցի գրոսմայստերին հանձնվել:
Տուրի կենտրոնական խաղում Ռուսաստանի ընտրանին նույն հաշվով պարտության մատնեց Ադրբեջանին և այժմ 13 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ-երրորդ տեղերը բաժանում են Ուկրաինայի և Չինաստանի ընտրանիները, որոնք վաստակել են 12 միավոր:
Հայաստանի հավաքականը 9 թիմերի շարքում վաստակել է 11 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 4-րդ հորիզանականում է գտնվում: Վաղը հայաստանցիները հանդիպում են Ուզբեկստանի հավաքականի հետ: Ռուսատսանը մրցելու է Ուկրաինայի, իսկ Ադրբեջանը՝ Չինաստանի հետ:
Հայաստանի կանանց հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 7-րդ տուրում հայաստանցիները պարտության մատնեցին Իտալիային 2,5:1,5 հաշվով: Մեր թիմին հաղթանակ բերեց չորրորդ տախտակին հանդես եկող Մարիա Կուրսովան:
Հաջող խաղը հնարավորություն տվեց մեր թիմին 23-րդ տեղից բարձրանալ 8 կետով: Վաղը հայաստանցի աղջիկները հանդիպելու են Ռումինիայի հավաքականին: