Օգոստոսի 20-ին Հունգարիայի հայ համայնքի ղեկավար Նիկողոս Հակոբյանը հարցում է ուղարկել Հունգարիայի խորհրդարան՝ կապված Ռամիլ Սաֆարովի հնարավոր արտահանձնման հետ և պատասխան ստացել, համաձայն որի նման հնարավորություն գոյություն ունի: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա ասել է, որ Հունգարիայի խորհրդարանն ավելի ազնիվ է գտնվել Հունգարիայի հայ համայնքի նկատմամբ, քան Հայաստանի իշխանությունները հայաստանցիների նկատմամբ:
Զոհրաբյանը հարց է հնչեցրել, թե ինչով էին զբաղված Հայաստանի ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն, եթե Հունգարիայում այդ հնարավորության մասին խոսել են, իսկ հայկական կողմը տեղյակ չի եղել:
«Ինչո՞վ են երկու շաբաթ զբաղված եղել Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները», – հարց է բարձրացրել Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ եթե ԱԳՆ-ն տեղյակ է եղել հնարավոր արտահանձնման մասին, ապա ինչո՞ւ այդ մասին չի տեղեկացրել Ազգային ժողովին: ԲՀԿ-ական պատգամավորը նշել է, որ այդ տեղեկությունն իմանալու դեպքում վստահություն չկա, որ հնարավոր կլինի կանխել Սաֆարովի արտահանձնումը, սակայն, այնուամենայնիվ, Ազգային Ժողովը կփորձեր քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: