2012 թվականի սեպտեմբերի 5-ին «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 15 ակտիվիստներ կուղևորվեն Գյումրի-Երևան հնգօրյա քայլարշավի ընդդեմ գենդերային հիմքով բռնության /ընտանեկան բռնություն, սեռական բռնություն/:
Քայլարշավի բացումն այսօր ազդարարվելու է Գյումրիում կայանալիք մամուլի ասուլիսով:
Սեպտեմբերի 5-ին ակտիվիստները կայցելեն Գյումրի, Ազատան, Նոր Կյանք, Արթիկ, 6-ին՝ Մարալիկ, Լանջիկ, Մաստարա, 7-ին՝ Թալին, Կաթնաղբյուր, Ներքին Բազմաբերդ, 8-ին՝ Շամիրամ, Կոշ, Ուջան, Աշտարակ, 9-ին՝ Պռոշյան, Քասախ, Երևան:
Սեպտեմբերի 10-ին եզրափակիչ մամուլի ասուլիս կկազմակերպվի Երևանում:
Քայլարշավի ընթացքում խումբը կիրականացնի զրույցներ՝ ուղղված գենդերային հիմքով բռնության վերաբերյալ գյուղական բնակչության իրազեկման աստիճանի բարձրացմանը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում գենդերային հիմքով բռնությունը Հայաստանի Հանրապետությունում լայնորեն քննարկվող թեմա է դարձել, սակայն ոչ երկրի հեռավոր հատվածներում` գյուղերում, որտեղ այն ցայսօր համարվում է ավանդույթ կամ սոցիալական նորմ:
Այս է պատճառը, որ ակտիվիստները ցանկանում են անմիջականորեն շփվել այդ տարածքներում բնակիչների հետ, իրազեկել նրանց խնդրի մասին:
Բռնության դեպքերի մասին ահազանգերի մեծամասնությունը ստացվում են ՀՀ գյուղական համայնքներից: Կարևոր է այցելել այս կանանց, քանի որ նրանք բռնության իրավիճակներում բախվում են բազմաթիվ խոչընդոտների, ունեն իրենց իրավունքների մասին տեղեկատվության պակաս, ինչպես նաև չգիտեն իրենց համար հասանելի ռեսուրսների առկայության մասին, որոնք կարող են իրենց օգնել պաշտպանվել»,-ասված է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ: