Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Ֆրանսիային՝ միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրության դասագրքերում Հայոց Ցեղասպանության մասին պատմող երկու գլուխներ ներառելու նախաձեռնության կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, երեկ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը դիվանագիտական նոտա է ուղարկել Ֆրանսիայի Արտաքին գործերի և Կրթության նախարարներին: Պաշտոնական Անկարան պահանջում է ֆրանսիական դասագրքերից հանել Հայոց Ցեղասպանության մասին հատվածը:
Թուրքիայի դեսպանատունը նամակին է կցել նաև 1915 թվականի դեպքերի մասին պատմական զեկույց, որը պնդում է, թե Hachette և Hatier հրատարակչատների կողմից հրատարակված գրքերը կեղծ տեղեկություններ են պարունակում:
Ֆրանսիական դասագրքերում ընդգրկված գլուխներում առկա տեղեկատվությունը վերցված է ստամբուլահայ Արամ Անտոնյանի «Նաիմ Բեյի հուշերը. Հայերի զանգվածային ջարդերի ու արտաքսման մասին Թուրքիայի պաշտոնական փաստաթղթերը» գրքից, որը հայտնի է նաև «Թալիաթ փաշայի հեռագրերը» խորագրով: Գիրքը հրատարակվել է 1920 թվականին: Թուրքական կողմը պնդում է, որ այդ գրքում առկա որոշ տվյալներ չեն ապացուցվում պատմական փաստաթղթերով:
Թուրքիայի խորհրդարանի կրթության մասին հանձնաժողովի նախագահ Նավի Ավչին Today’s Zaman-ի հետ զրույցում հայտարարել է, որ «ֆրանսիական մշակույթի էրոզիան և անցումը ռադիկալ քայլերի քաղաքականության մեջ սկսվել է նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզիից, և շարունակում է բացասական ազդեցություն ունենալ Ֆրանսիայի կրթական համակարգի վրա»:
«Ես հույս ունեմ, որ Ֆրանսիայի խելամիտ ինտելեկտուալ հատվածը իր ձայնը կբարձրացնի այս սադրիչ քայլի դեմ, որը ատելության սերմեր կարող է թողնել երիտասարդ ֆրանսիացիների գիտակցության մեջ», – հավելել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը օրինագիծ ընդունեց, որը պատիժ էր նախատեսում Հայոց Ցեղասպանությունը ժխտողների համար: Երկրի Սահմանադրական խորհուրդն ավելի ուշ չեղյալ էր հայտարարել տվյալ օրինագիծը: