Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում ընթերցվել է «2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը:
Ադրբեջանի նախագահի հրամանագիրը որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաև մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների և նորմերի ոգուն հակասող գործողություն որակելով՝ Ազգային Ժողովը հայտարարում է, որ
– Հունգարիայի իշխանությունը ևս կրում է կատարվածի համար պատասխանատվությունը, դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:
– Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:
– Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
– Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջև 2012թ օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:
– Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները:
Նախագծի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը նշել է, որ Հունգարիայի իշխանությունները, ի դեմս վարչապետ Վիկտոր Օրբանի, ամբողջ եվրոպական համայնքին հոգնեցրել են Էքսցենտրիկ պահվածքով: Հունգարիայի հարևան երկրները՝ Սերբիան,Սլովակիան, Ռումինիան, Օրբանին անվանում են «Վիկտատոր», և նրանից անընդհատ բողոքում են պաշտոնական Բրյուսելին:
Հովհաննիսյանի խոսքով՝ Հունգարիայի վարչապետին հարևանները նմանեցնում են Ալիևին, դրանով հանդերձ, այդ երեք երկրները՝ հատկապես Սլովակիան և Ռումինիան, որոնք ԵՄ-ի լիարժեք անդամներ են, չկանգնեցին Հայաստանի կողքին:
Պատգամավորը դա բացատրել է նրանով, որ Հայաստանը հետաքրքրության սուբյեկտ չի հանդիսանում: ՀՅԴ-ականը նշել է, որ գերմանական մամուլը (կոնկրետ թերթի կամ գործակալությունների անուններ չեն նշվել – խմբ.), մասնավորապես, սադրիչ հոդվածներ է տպում՝ Սերժ Սարգսյանի ելույթը ներկայացնելով որպես պատերազմ հրահրող:
«Սա նշանակում է, որ մենք չենք կարողանում անգամ դրսի մամուլի հետ աշխատել, որտե՞ղ են մեր դեսպանները», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հայ դիվանագետները կարող էին պատգամավորներ գտնել, համոզել նրանց, որպեսզի վերջիններս դատապարտող ելույթներով հանդես գային:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նշել է, որ հարկավոր է քաջություն ունենալ արձանագրելու, որ Սաֆարովի արտահանձման հարցում իր մեղավորությունն ունի նաև Հայաստանի կառաբարությունը, որը տվյալ դեպքում թերացել է:
«Մեր իշխանությունները պետք է առաջինը տեղյակ լինեին Հունգարաիայի և Ադրբեջանի գործարքի մասին», – ասել է Օսկանյանը:
Նա հայտարարության նախագիծը որակել է որպես «խիզախ», սակայն նշել է, որ եթե նման հայտարարություն ընդունվեր 15 օր առաջ, ապա Սաֆարովն այսօր խցում կլիներ: