Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Աադին «քաղաքական դիակ» է անվանել: Նրա խոսքով՝ նա կցանկանար լսել, ինչպես են Ռուսաստանն ու Չինաստանը սիրիական իշխանությունների դեմ ելույթներով հանդես գալիս, հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
«Վաղ թե ուշ սիրիացիները կհաղթեն, դրանում ես կասկած չունեմ: Այդ մասին է վկայում իրավիճակի զարգացումը: Եթե մենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, միասնական քայլեր ձեռնարկենք, ավելի արագ արդյունքի կհասնենք: Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Ասադի ռեժիմի փլուզման վկաներն են»,-հայտարարել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ կցանկանար «լսել Մոսկվայից և Պեկինից, որ իրենք դեմ են ներկայիս ռեժիմին»: Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է Սիրիայի սահմանային շրջաններում թռիչքներից ազատ գոտի ստեղծել, հակառակ դեպքում մեծանում են ռիսկերը: «Միայն դրանից հետո կարող ենք դիտարկել բուֆերային տարածքի ստեղծման հնարավորությունը»,-ասել է Էրդողանը:
Անվտանգության տարածքն անհրաժեշտ է սիրիացի փախստականների հետ իրավիճակի կարգավորման համար: Նա հիշեցրել է, որ հարևան հանրապետությունից Թուրքիա գաղթացների թիվը հասնում է 100 հազարի:
Էրդողանը նշել է, որ Սիրիայում հակամարտության կարգավորման մեջ շահագրգիռ երկրները պետք է անեն «միջազգային օրենսդրությամբ սահմանված ամեն բան»: