ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը խորապես մտահոգված է ադրբեջանական բանակի սպա Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի որոշմամբ: Այս մասին Ռասմուսենը հայտարարել է այսօր Երևան ժամանելուն պես «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում: Նշենք, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում է տարածաշրջանային այցով: Նա այցելելու է նաև Վրաստան և Ադրբեջան:
«Ութ տարի առաջ տեղի ունեցած այդ շատ ողբերգական և սարսափելի դեպքը մի հանցագործություն էր, որը չի կարող փառաբանվել: Ադրբեջանի այդ որոշումը խարխլում է վստահությունը և չի նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը», – նշել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ այս ամենը դարձյալ չհանգեցնի հակամարտության:
«Հակառակը, այժմ կենսականորեն կարևոր է աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ և խրախուսել խաղաղությունն ու հաշտեցումը», – շարունակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Հարցին, թե մտադի՞ր է արդյոք քննարկել այս հարցը Ադրբեջանի ղեկավարության հետ` Բաքու կատարելիք այցի ընթացքում, Ռասմուսենն ասել է. «Ես բարձրացնելու եմ այս հարցը Բաքվում և փոխանցելու եմ այս շատ հստակ ուղերձը»:
Նշենք, որ այս րոպեներին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին ՀՅԴ-ի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք ՆԱՏՕ-ից պահանջում են համարժեք արձագանքել Հունգարիայից Ադրբեջան Սաֆարովի արտահանձնման փաստին: Ակցիայի մասնակիցները նշում են, որ 2004 թվականին հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ: