Կաթնամթերք արտադրող կազմակերպությունների արտադրանքից կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ 7 ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է սոդայի առկայություն, իսկ «Արզնու տոհմային թռչնատավարախոզաբուծական» ընկերության թթվասերի մեջ նաև բուսական յուղի առկայություն: Այդ ընկերությունների արտադրանքում օգտագործվել է նաև կաթի փոշի, որը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե ապրանքի վրա կա համապատասխան մակնշում: Այս մասին այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, ով նշել է, որ յոթ կազմակերպություններում ներկայումս ստուգումներ են իրականացվում: 7 ընկերություններն են՝ «Թամարա և Անի կաթ», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ կաթ», «Բոնիլատ», «Թամարա», «Մուլտի Ագրո»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Բախչագուլյանից հետաքրքրվել է՝ արդյոք եթե կաթի փոշիով են արտադրում թթվասերը, դա նվազեցնում է ինքնարժեքը:
Բախչագուլյանը նշել է, որ կաթի փոշիով արտադրելը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին պահեստավորել կաթի փոշին և իջեցնել կաթի փչացման ռիսկերը:
«Այսինքն՝ կաթի փոշին երկար պահպանության ժամկետ ունեցող հումք է, իսկ կաթը կարճ պահպանության ժամկետ ունեցող: Արդյուքնում կաթի փոշու միջոցով մեր տնտեսվարողները, ովքեր զբաղվում են նաև կաթի փոշու արտադրությամբ, կաթի գերարտադրության ժամանակ մթերում են կաթ, այն դարձնում են փոշի և պահեստավորում են սակավ մթերման սեզոնի համար», – ասել է Բախչագուլյանը: Դրանից հետո վարչապետը ցանկացել է իմանալ, թե ինչ պատճառով արտադրողները չեն հայտարարում դրա մասին:
Բախչագուլյանը պատասխանել է, որ խաբելու իմաստը սպառողին թյուրիմացության մեջ գցելն է: Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարի «Դուստր Մարիաննայի» և «Թամարայի» արտադրանքում հայտնաբերվել էր կաթի փոշի, որ մակնշված չէր, և այդ ընկերություններն արդեն ուղղեցին իրենց սխալը: Բախչագուլյանը նրանցից հետաքրքրվել էր դրա հետևանքով իրացման մասին: Ընկերությունից ասել են, որ դրա արդյունքում սպառման ծավալները չեն իջել, բայց ընկերությունները ունեցել են այդ մտահոգությունը, որ եթե հայտարարվի կաթի փոշու օգտագործման մասին, ապա սպառման ծավալները կիջնեն:
Բախչագուլյանը տեղեկացրել է, որ իրենց հաջորդ ստուգումները կիրականացվեն պանիր արտադրողների մոտ, որոնք 100-ն են, և այնտեղ իրականացված ստուգումների արդյունքները դարձյալ կհրապարակեն:
Նշենք նաև, որ կաթնամթերք արտադրող այն ընկերությունները, որոնք խախտումներ են թույլ տվել, տուգանվելու են 300-ից 500 հազար դրամի չափով: