Մոտ 30 րոպե առաջ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում ոստիկանները մտել են գնացք, որը մոտ հինգ րոպե չէր շարժվում և շտապ կարգադրել են մարդկանց լքել վագոնները: Epress.am-ի թղթակիցը նշում է, որ այդ գնացքին սպասելիս է եղել «Հանրապետության հրապարակ» կայարանում. այն եկել է նախորդ գնացքից մոտ 40 րոպե անց, և արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանում կանգնել է:
Մետրոպոլիտենի աշխատակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում, որ միջադեպի պատճառը վթարը չէ:
Խնդիրը կապված է եղել նոր գնացքի գործարկման հետ: Մասնավորապես, բարդություն է առաջացել նոր մեքենաների կառավարման համակարգի հետ, որին հայաստանցի մեքենավարները դեռևս լավ չեն տիրապետում:
Նշենք, որ Epress.am-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես մեկ այլ գնացք մոտեցել է կանգնած գնացքին և հրելով առաջ է տարել այն: Մարդիկ սպասել են հաջորդ գնացքին և շարունակել երթևեկությունը: