Ուկրաինական Խերսոն շրջանում Հայաստանից գնացած գործարար եղբայրներ Օմար և Մարաս Ավդոյանները իրենց արտադրության մեջ ներգրավված մարդկանց ստրուկի կարգավիճակում են պահել շուրջ 6 տարի՝ ստիպելով նրանց գրեթե անվճար աշխատել: Փախչելու փորձերի համար նրանց դաժանորեն պատժել են: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը:
«Զարմանալի է, որ այժմ կարելի է ամեն օր սնվել, դեռ մի բան էլ մի քանի անգամ: Դուք դա չեք հասկանա»,- պատմել է Սերգեյ անունով մի տղա, ով ստիպված է եղել երկար ժամանակ, իր խոսքով, որպես ստրուկ աշխատել եղբայրների մոտ:
Նա այժմ Խերսոնի կենտրոնական հիվանդանոցում է: Դեռ մի քանի օր առաջ տղամարդն ապրում էր գոմում և աշխատում առավոտից մինչ գիշեր: Աշխատանքի համար նա երբեմն գրոշներ էր ստանում, որը բավականացնում էր միայն սովից չմահանալու համար: Նրան տարիներով ագարակում էին պահում՝ ստիպելով կեղտոտ աշխատանք կատարել:
Ավդոյանները Սերգեյին ապագա «բանտարկության» վայր էին բերել վաղ առավոտյան և անմիջապես մահճակալ էին հատկացրել փոքրիկ սենյակում, որտեղ արդեն իսկ 6 մարդ էր բնակվում: Սենյակի կողքին կենդանիների գոմն էր:
«Այն կարծես գոմ լիներ: Իրար վրա էինք քնում: Հարևաններս առաջին իսկ գիշերը պատմեցին` բանն ինչումն է: Որ մենք ստրուկներ ենք: Սկզբում չհավատացի: Առավտոյան արթնացա, աշխատեցի, իսկ երեկոյան որոշեցի քաղաք գնալ: Բայց ինձ թույլ չտվեցին: Այդ ժամանակ էլ սկսեցի հասկանալ, որ ինձ ճշմարտությունն էին ասում»,- պատմում է Սերգեյը:
Միաժամանակ ագարակում ապրում էին 5-6 մարդ: Ոմանց տանում էին, նորերին էին բերում, և այդ ողջ ընթացքում մոտ 20 աշխատող է հասցրել լինել ագարակում: Երկուսին հաջողվել է փախչել: Իսկ թե ուր են կորել մնացածը, Սերգեյը պատկերացում անգամ չունի: Ինքն անձամբ փորձել է փախչել մի քանի անգամ: Մի անգամ գիշերը փախչելու փորձ է կատարել, սակայն ճանապարհի կեսին նրա հետևից հասել են շներով: Մահակներով ծեծի են ենթարկել՝ բոլորի աչքի առջև, որպեսզի մնացածին դաս լինի: Սերգեյի խոսքով՝ պատժում էին ագարակատեր եղբայրները:
Գերիների մեջ նաև երկու կանայք են եղել՝ Գալինան և Ելիզավետան: Ստրկուհիները աշխատում էին ջերմոցներում: Մի անգամ Գալյան փորձել է գողանալ հեռախոսը, որպեսզի զանգահարի տուն և հայտնի, որտեղ է: Նրան բռնել և մի քանի ժամ շարունակ խոշտանգել են:
«Բացի դա, ագարակ էին գալիս նաև բոմժեր, նրանք միևնույն է ապրելու տեղ չունեին: Իսկ այստեղ գոնե գոմ կար, գոնե հազվադեպ, բայց սնունդ: Կար նաև մի մարդ, ով թաքնվում էր ոստիկանությունից: Նրան մեղադրում էին սպանության մեջ, և նա թաքնվում էր ագարակում, մեզ հետ ապրեց մեկ տարի»,-պատմել է Սերգեյը:
Այս պայմաններում ագարակը գործել է շուրջ 6 տարի, մինչև Խերսոնի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է հյուծված մարդկանց: Նրանց բերել են Խերսոնի հիվանդանոց:
Ագարակատերերը ձերբակալված չեն: Եվ թեև քրեական գործ է հարուցված մարդկանց ապօրինաբար ազատությունից զրկելու հոդվածով, նախկին ստրուկները կարծում են, որ Ավդոյանները բանտ չեն նստի, կկարողանան պայմանավորվել ուժային մարմինների հետ:
Օմար Ավդոյան
«Իզվեստիայի» լրագրողը հանդիպել է Օմար Ավդոյանի հետ իր տան բակում: Նա իր հանդեպ առաջադրված մեղադրանքներն ամբողջությմաբ հերքում է՝ պնդելով , որ ինքն ու իր եղբայրը պարզապես մարդկանց էին վարձում աշխատանքի համար և պատշաճ վճարում էին նրանց:
«Մեզ մոտ ոչ ոք չէր ապրում, առավոտյան մարդկանց բերում էինք, երեկոյան տանում տուն: Նրանց, ում ոստիկանները տարել են մեր ագարակից, իրենց ցանկությամբ էին ապրում այստեղ, մինչ եղբայրս գործուղման մեջ էր: Նրանք այնտեղ ընդամենը մեկ շաբաթ էին գտնվում: Ուժով այնտեղ ոչ ոքի չենք պահել: Օրական 12 դոլար էինք վճարում»,-պատմում է Օմար Ավդոյանը: Նրա եղբայրը, ով հիմնական գործերն էր վարում ագարակում, այժմ Մոսկվայում է: