Երեկ հաքերային հարձակման են ենթարկվել հայաստանյան մի քանի կայքեր՝ այդ թվում լրատվական: Այսօր հաքերային հարձակումները շարունակվում են: Մասնավորապես, խնդիրների առաջ են կանգնել lragir.am-ը և a1plus.am-ը: Վերջինիս աշխատակիցները արդեն հայտնաբերել են այն ադրբեջանական կայքը, որից իրականացվում է հարձակումը, մի քանի անգամ վերացրել են հարձակման հետևանքները, ու a1plus.am-ը սկսել է նորից աշխատել:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է A1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Նա հավելել է նաև, որ կայքը շարունակում է մնալ հարձակման թիրախում և այդ է պատճառը, որ երբեմն անհասանելի է դառնում:
DDOS հարձակումներից պաշտպանվելու համար lragir.am կայքը ևս միջոցներ է ձեռնարկել: Այն փակել է կայքի մուտքը Հայաստանից դուրս գտնվող օգտատերերի համար: Կայքի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ այսօր խափանումներ կան նաև Հայաստանում:
Նշենք, որ երեկ մոտ 40 րոպե անհասանելի է եղել նաև ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, որից հետո աշխատանքը վերականգնվել է: