Home / Հայաստան / Սարգսյանը դեսպաններին ասել է՝ ինչու Ալիևը հայտարարություններից անցավ գործողությունների

Սարգսյանը դեսպաններին ասել է՝ ինչու Ալիևը հայտարարություններից անցավ գործողությունների

Ռամիլ Սաֆարովին  արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Այս մասին այսօր ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաև ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետևանքների կարող է բերել այսպիսի քայլը: Եվ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը, ինչպես ասացի, վաղուց է սկսվել՝ երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որևէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին: Երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ ցուցում տվեց Գիտությունների ազգային ակադեմիային՝ շարադրել Ադրբեջանի մի պատմություն, որտեղ հայերը բնավ չպետք է լինեին, որևէ մեկը ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին: Երբ Ալիևը սկսեց հայտարարել, որ Երևանը և ընդհանրապես Հայաստանը ադրբեջանական տարածքներ են, որևէ մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Եվ երբ Ալիևը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին հայությունն է, և թշնամուն պետք է ոչնչացնել, որևէ մեկը չարձագանքեց: Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին և՛ համանախագահներին, և՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ: Իսկ պատասխանը հետևյալն է՝ որ Ալիևի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար: Հայտարարությունների այդպիսի խզվածություն ներքին և արտաքին սպառման համար ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Չի կարող մարդը մինչև օրվա կեսը մտածել մի կերպ, երկրորդ կեսին՝ մեկ այլ կերպ: Չի կարող մարդը երկուշաբթի մտածել մի կերպ, չորեքշաբթի՝ մեկ այլ կերպ», – ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ, տեսնելով այս հանդուրժողականությունը, Ալիևը արդեն հայտարարություններից անցավ գործողությունների:

«Եվ առաջին գործողությունը կայացավ նրանում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ ոչ միայն արդեն շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ: Եվ էլի արձագանքը թույլ էր: Հիմա մենք վկան ենք այս արտառոց փաստի: Եվ ինչպես ասացի, ցավոք, սա վերջը չէ:

Գիտեք, ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ: Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետևանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաև մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որևէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ: Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը:

Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետևյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություններից հետո կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ: Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, մեղավորի և անմեղի միջև: Սա շատ վատ հանգամանք է: Իմ խնդրանքն է ձեզ, իմ կոչն է ձեզ, որպեսզի ձեր կառավարությունները և մեր կազմակերպությունը առարկայորեն զբաղվեն այդ խնդրով», – հայտարարել է երկրի ղեկավարը: