Դատապարտյալների հիվանդանոցից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված զինծառայող Սուրեն Կիրակոսյանը 1 շաբաթ առաջ դադարեցրել է 40 օր տևած հերթական հացադուլը և ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը (նկարում):
«Չնայած այս պահին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Սուրենին հետազոտում են, այնուամենայնիվ, նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ստամոքսի շրջանում անտանելի ցավեր ունի ու աննկարագրելի թույլ է», – նշել է մայրը:
Նրա խոսքով՝ ինքը խնդրել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին տղային տեղափոխել հիվանդանոց, սակայն որևէ արձագանք մինչ օրս չի ստացել:
«Սուրենին կաթիլային սնուցում են միացրել ու շուրջօրյա հսկողություն են սահմանել, միևնույնն է՝ վիճակի փոփոխություն չի նկատվում, ու չեմ պատկերացնում, թե տղաս դուրս կգա այս վիճակից», – ասել է Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Սուրեն Կիրակոսյանը հացադուլ էր հայտարարել և մտադիր չէր այն դադարեցնել, մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չպատասխանի իր բաց նամակին:
Սյունիքի մարզի դատարանը Կիրակոսյանի դեմ վճիռ է կայացրել՝ նրան մեղավոր ճանաչելով քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով՝ զորամասից փախուստ կատարելու համար, որը պատժվում է առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ: Կողմի վերաքննիչ բողոքը դատարանը մերժել է:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը ավելի վաղ Epress.am-ին պատմել էր, որ Կիրակոսյանին բանակ կարելի էր տանել միայն նրան բուժելուց հետո. տղան տառապել է սնկախտով:
Իրավապաշտպանի խոսքով՝ ծառայության ընթացքում էլ զինվորը բուժում չի ստացել, և զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Ահա թե ինչու փախուստի դիմելը զինվորի փրկվելու միակ ելքն է եղել: Նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար:
Շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Կիրակոսյանը առաջին հացադուլը հայտարարել էր ապրիլին, որը տևել էր 52 օր, իսկ հունիսի 12-ին նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:
Կիրակոսյանը նախագահին ուղղած նամակում նշել էր, որ իրեն մեղսագրվող արարքը կատարել է դրդված, քանի որ, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, զորամասում բուժում չի ստացել, ներկայումս էլ չի ստանում բուժում մեկուսարանում: