Գերմանիայի նախկին առաջին տիկին Բետինա Վուլֆը դատի է տվել Google-ին համացանցում իր անցյալի մասին բանբասանքներ տարածելու համար: Հայցադիմումի համաձայն, Google-ը մեղադրվում է զրպարտանքի և սուտ տեղեկատվության տարածումը խթանելու մեջ:
Շշուկներն այն մասին, որ մինչ Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի հետ ամուսնանալը Բետինան զբաղվել է ուղեկցման ծառայություններով (էսկորտ), տարածվում են համացանցում արդեն երկու տարի շարունակ: Այդ պատմությունների մեծ մասը հեշտությամբ կարելի է գտնել Google-ի միջոցով:
Այժմ նա դատարանից պահանջում է արգելել Google-ին ավտոլրացման հատվածում «Բետինա Վուլֆ» անվան հետ մի շարք բառեր օգտագործել: Google-ի ներկայացուցչի խոսքով՝ ավտոմատ լրացման մեխանիզմը կողմնորոշվում է օգտատերերի առավել հաճախ արվող հարցումներով, և հետևաբար ընկերությունը չի ցանկանում գրաքննություն մտցնել: Սակայն Վուլֆերը պահանջում են վերահսկել այդ մեխանիզմը: