Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր դիմում են ներկայացրել ԱԺ՝ իրենց որդիների սպանության գործերի արդար քննությունը ապահովելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդրանքով:
Կանայք այսօր ԱԺ-ի դիմաց ակցիա են անցկացրել և իրենց դիմումն ուղարկել ԱԺ նախագահին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին և ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժովին:
Ազգային Ժողովի շենքի դիմաց որդեկորույս մայրերին հանդիպել են 6 պատգամավորեր՝ ՀՀԿ-ականներ Մարգարիտ Եսայանը և Առաքել Մովսիսյանը (կեղծանունը՝ Շմայս), ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորները խոստացել են քննարկել դիմումը, Լևոն Զուրաբյանը մայրերին ուրբաթ օրը հրավիրել է ՀԱԿ-ի գրասենյակ՝ բերելու իրենց գործերով հակասությունները, քննության ընթացքից դժգոհությունները: Առաքել Մովսիսյանը կանանց վստահեցրել է, որ ինքը և ՀՀԿ խմբակցության անդամները մայրերից շատ են ցավում որդիների խաղաղ պայմաններում սպանվելու առթիվ, և քանի որ խմբակցություններում շատ գեներալներ, կռված մարդիկ կան, ամեն ինչ անելու են, որպեսզի գործերը քննվեն և մեղավորները պատժվեն:
Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Epress.am-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ԱԺ-ում իրենց գործերով զբաղվող խումբ ստեղծվել էր 2011թ.՝ օմբուդսմենի միջնորդությամբ, սակայն դրա գործունեությունը ձևական բնույթ է կրել:
Խմբում աշխատել են չորրորդ գումարման ԱԺ կազմի պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Սամվել Նիկոյանը, Հրայր Կարապետյանը:
Նախորդ տարվա սեպտեմբերին 8-ին զոհված զինվորների մայրերը նրանց ներկայացրել են իրենց հարցումներ, սակայն պատասխան չեն ստացել:
Սարգսյանի խոսքով՝ միայն 2012 թվականի մայիսին՝ ԱԺ ընտրություններից մեկ շաբաթ հետո, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասել է, որ իրենք պատկան մարմիններից ստացել են պատասխանները, սակայն չեն կարող դրանք տրամադրել մայրերին:
Հարցին, թե արդյոք մայրերը մտավախություն չունեն, թե եթե նույնիսկ հանձնաժողով ստեղծվի, այն նույնքան անարդյունք կլինի, Գոհար Սարգսյանը պատասխանել է, որ իրենք են ընտրելու այդ հանձնաժողովի անդամներին և կընտրեն «չծախվող մարդկանց»: