Home / Տեսանյութեր / Իրանը խոչընդոտում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի վերացմանը

Իրանը խոչընդոտում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի վերացմանը

Իրանը կրկին խոչընդոտում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի վերացման գործընթացին: Այս մասին գրում է REGNUM գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական «Սթար» պարբերականին:

Թերթի փոխանցմամբ՝ թեև Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր համաձայնության են եկել վիզային ռեժիմի վերացման հարցում, կողմերի միջև համաձայնագրի ստորագրմանը խանգարում է Իրանը: Ըստ պարբերականի՝ իրանական կողմը պայման է առաջադրել Ադրբեջանին, ըստ որի, եթե վերջինս հեշտացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը, ապա նույնը պետք է անի նաև Իրանի քաղաքացիների պարագայում: Հակառակ դեպքում, Թեհրանը սպառնում է փակել Նախիջևանի հետ ցամաքային սահմանը:

«Ադրբեջանի իշխանությունները հասկացրել են թուրքական կողմին, որ պատրաստ են վերացնել վիզային ռեժիմը, սակայն Իրանը խանգարում է այդ հարցի իրականացմանը: Թուրքական կողմը ըմբռնումով է մոտեցել Ադրբեջանի կարծիքին»,-նշել է պարբերականը: