Home / Հայաստան / «Մակարին ճանաչում են». Ծեծվածի հորեղբայրը պնդում է, որ մեղավորը ԱԺ պատգամավորի որդին է

«Մակարին ճանաչում են». Ծեծվածի հորեղբայրը պնդում է, որ մեղավորը ԱԺ պատգամավորի որդին է

Սեպտեմբերի 9-ին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում դաժան ծեծի ենթարկված Արամ Մելիքյանի վիճակը աստիճանաբար լավանում է: Նա տեղափոխվել է տուն, սակայն պետք է պառկած մնա դեռ երկար ժամանակ, մինչ ուղեղի ցնցման հետևաքներն անցնեն, ինչպես նաև սալջարդերը լավանան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամի  հորեղբայր՝ Դավիթ Մելիքյանը, ով ևս մեկ անգամ պնդել է, որ եղբորորդուն ծեծի ենթարկողների թվում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ «ՄԱՊ» ընկերության տնօրեն  Մակար Պետրոսյանը:

Նշենք, որ այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն իր կայքում գրել էր, որ իր հետ զրույցում Մակար Պետրոսյանը նշել էր, որ որևէ առնչություն չունի կատարվածի հետ:

«Ես երբևէ չեմ փորձել բռունցքներով հարցեր լուծել: Իմ ստացած դաստիարակությունը դա ինձ թույլ չի տալիս: Ւնչ վերաբերում է գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ», – Գագիկ Շամշյանին ասել է Պետրոսյանը:

Դավիթ Մելիքյանը Epress.am-ին ասել է, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի կենտրոնում,  և ծեծկռտուքին ականատես են եղել շատ գյուղացիներ, նրանցից մի կին փորձել է  դադարեցնել ծեծը, բղավել է՝ «Ձեր տերը թաղեմ», սակայն ի պատասխան հայհոյանքներ է ստացել:

«Գյուղացիները ճանաչում են Մակարին, պետք լինի, ցուցմունք կտան: Դա նա է եղել», – ասել է Դավիթ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ նույն օրը Բամբակաշատում ծեծի է ենթարկել նաև հանձնաժողովի անդամ Արման Սարգսյանին:

Նա ևս ուղեղի ցնցում է ստացել, չի կարողանում շարժել ձեռքը: Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իր վրա հարձակվել են 30 հոգով՝ հենց տեղամասում:

«Ոչ մեկը հանձնաժողովի անդամերից չօգնեց ինձ: 4 ոստիկան կային, մեկը գոնե օդ չկրակեց: Ես չեմ տեսել ովքեր էին, Մակարին չեմ ճանաչում, ոչ մեկին չեմ ճանաչում, քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ուղղակի ես Գոռի կողքին եմ»,- ասել է Սարգսյանը:

Նշենք, որ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 23-ի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկն է և ծեծված Արամ Մելիքյանի հորեղբայրը: Նրա դեմ պայքարում է Մակար Պետրոսյանի հովանավորյալը՝ Արբակ Եղիազարյանը: