Շատ կարևոր է իմանալ, թե քանի գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին, և ի վերջո քանի մեղադրական վճիռներ են կայացվել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի կողմից ներկայացված տարեկան հաշվետվությանը (2011 թվականի):
«Շատ դեպքերում ոչ միայն դուք եք մեղադրում չարաշահումների մեջ, այլև ձեզ են մեղադրում, և ի վերջո դատարանում պետք է պարզ դառնա մեղադրողներից ով է ճիշտ, ով է սխալ», – դիմելով Իշխան Զաքարյանին՝ ասել է Փաշինյանը:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում դեռևս աղմկահարույց դատական գործընթացներ չեն գրանցվել:
ՀԱԿ անդամը նաև նշել է, որ հետաքրքիր կլիներ իմանալ, թե հաշվետու ժամանակաշրջանում ինչպես է ընթացել Զաքարայնի առանձնատան շինարարությունը: Փաշինյանն ընդգծել է, որ մամուլում հրապարակումներ են եղել Զաքարյանի կողմից կառուցվող «բանականին տպավորիչ առանձնատան» մասին:
Պատգամավորի խոսքով՝ այդ առանձնատան շինարարությունը թափ է առել Զաքարյանի՝ ՎՊ նախագահ նշանակվելուց հետո:
Զաքարյանն ասել է, որ թեև դա կապ չունի քննարկվող հարցի հետ, այնուամենայնիվ, ինքը կպատասխանի. «Առանձնատունը 7 տարի կառուցվում է, իսկ ես ընդամենը 4 տարի եմ Վերահսկիչ պալատի նախագահ»:
ՎՊ նախագահը նշել է, որ չարժի այդ թեման շահարկել: