Նախօրեին Երևանի Քանաքեռի զորամասում մահացած ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը Շիրակի մարզի Բյուրակն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նույն օրը հայրը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: «ՀԺ»-ի տեղեկություններով, զինծառայողի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք բերանի խոռոչում, նրա դին հայտնաբերվել է ժամը 02:15-ի սահմաններում` զորամասի պահակային ծառայությունում: Արմանը զորակոչվել էր 2011-ի գարնանը:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնել է, որ զինծառայողի մահվան հետ կապված ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: