Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացված է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի մասին, իսկ Ադրբեջանը շնորհակալ է Թուրքիային այդ հարցում աջակցության համար: Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում թուրք վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Անկարայի դիրքորոշման և Հայաստանի հետ սահմանների բացման հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետն ասել է. «Մինչև չազատագրվեն մեկ կամ երկու շրջաններ, սահմանների բացման մասին խոսք գնալ չի կարող»:
«Մեր դիրքորոշումն այսպիսին է. հայերը պետք է ազատեն բոլոր օկուպացված տարածքները, մենք հետագայում էլ Ադրբեջանի կողքին կլինենք և կսատարենք նրանց արդարացի դիրքորոշումը», – մի փոքր անց հավելել է Էրդողանը, ում խոսքերը փոխանցում է «Թուրան» գործակալությունը: