Բենղազիում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, հաղորդում է «Ալ Արաբիան»:
Reuters գործակալությունը նշում է, որ, բացի դեսպանից, սպանվել են ամերիկյան հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ: Նրանց անուններն ու պաշտոնները դեռևս հայտնի չեն:
Բենղազիում ամերիկյան հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել իսլամիստների ամբոխի կողմից: Նրանց վրդովվեցրել էր համացանցում տարածված «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում սիրողական մակարդակի կինոմատոգրաֆիստների կողմից: Ֆիլմի հեղինակները մահմեդականներին և նրանց կրոնը ներկայացնում են ծայրահեղ բացասական լույսի ներքո, ինչը իսլամական աշխարհում դժգոհության հսկայական ալիք է բարձրացրել:
Զայրացած մահմեդականները հարձակվել են ոչ միայն Բենղազիում գտնվող ամերիկյան հյուպատոսարանի, այլ նաև Եգիպտոսի ԱՄՆ դեսպանատան վրա: Կահիրեում ցուցարարները պոկել են ԱՄՆ դրոշը և փոխարինել են այն սովորաբար «Ալ Ղաիդայի» կողմից օգտագործվող դրոշով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ֆիլմի հեղինակ Սեմ Բեյսիլը հայտարարել է, որ ցավում է դեսպանի մահվան համար, սակայն մեղավոր է ճանաչում ոչ թե իրեն, այլ հյուպատոսարանի թույլ պահակախմբին: