Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացել են նախագահական նստավայր ու ակցիան շարունակել Բաղրամյան 26-ի դարպասների ճաղավանդակների մոտ: Նրանք պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանության իրական հանգամանքները և պատժել մեղավորներին:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, չնայած ոստիկանների ջանքերին, մայրերը չեն հեռացել նախագահական նստավայրի դարպասների մոտից: Նրանք նշել են, որ եթե ոստիկանները փորձեն ճնշում գործադրել ու հեռացնել դարպասների մոտից, ապա իրենք կշարունակեն ակցիան հենց փողոցի կենտրոնում:
Epress.am-ի հետ զրույցում բողոքող կանայք ասել են, որ Բաղրամյան 26 են եկել մեկ պահանջով՝ հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Բավական է, արդեն համբերության բաժակը լցվել է ու սարսափելի տհաճ է գալ այստեղ ու մնալ անպատասխան: Թող Սերժ Սարգսյանը դուրս գա ու ասի, որ մեր զավակները արժանի էին, որ սպանվել են, կամ լավ են արել, որ նրանց սպանել են: Մենք պատրաստ ենք ցանկացած պատասխանի, միայն թե դուրս գա ու կատարի իր խոստումը՝ ինչո՞ւ ու ինչի՞ց է վախենում: Նա մեզ խոստացել էր պատասխան տալ: Պահանջում են Սաֆարովին պատժել, այնինչ սաֆարովները Սերժ Սարգսյանի կողքը նստած են, ովքեր սպանել են մեր երեխեքին, երբ նրանք քնած են եղել, ինչպես Գուրգեն Մարգարյանը: Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է ու Ալիևը չէ, թող դուրս գա ու մեզ պատասխանի», – ասել է 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակել են վրդովված բողոքել՝ խոստանալով շարունակել խնդիրը բարձրացնել նաև 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակ:
«Այսքանից հետո էլ Սերժը պատրաստվում է նորից վերընտրվե՞լ: Շուտով քարոզարշավը սկսվելու է, ու ի՞նչ խղճով է պատրաստվում նորից դուրս գալ ու կոչեր անել: Խոստանում ենք ամենուր հետևել նրան ու խայտառակ անել բոլորի մոտ, բավական է արդեն», – ասել են բողոքող կանայք:
Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիկցներին է մոտեցել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ով զրուցել է ծնողների հետ ու հեռացել: Նա հարցրել է, թե արդյոք ծնողները պատասխան չեն ստացել, և տեղեկանալով, որ դա տեղի չի ունեցել, հեռացել է:
Ակցիայի վերջում ծնողներին մոտեցել է ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Հայկ Քոթանջյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված նրանից պահանջել են լուծում տալ խնդիրներին, ապա վերցրել Քոթանջյանի հեռախոսահամարը և սեփական համարները նրան են փոխանցել: Քոթանջյանն ասել է, որ «հիմա գործ ունի», բայց խոստացել է զանգահարել:
Հայկ Քոթանջյանի հետ զրույցի տեսանյութը տրամադրել է«Բանակն իրականում»նախաձեռնությունը
Ծնողները հեռացել են ՀՀ նախագահի նստավայրից՝ դարձյալ ոչ մի կոնկրետ պատասխան չստանալով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմում են ներկայացրել ԱԺ՝ իրենց որդիների սպանության գործերի արդար քննությունը ապահովելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: