Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների ամենամյա տարեգրքում, հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:
Տարեգրքում հիշատակվում է ԵՎՐՈ-2012-ի ամենավառ պահերը, և առանձնացվել են նախորդ մրցաշրջանի լավագույն 100 ֆուտբոլիստները, ովքեր աչքի են ընկել եվրոպական մրցասպարեզներում: Ահա թե ինչ է գրված Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ.
«ԵՎՐՈ-2012-ի խմբային փուլում իր փայլուն ելույթներով Հայաստանի հավաքականը ապացուցել է, որ այլևս եվրոպական թիմերի շարքում հետնապահ չէ: Երեք անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակներ, որոնց թվում նաև արտագնա խաղում Սլովակիայի ընտրանու նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակը թիմին փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորություններ տվեցին: Հայաստանի հավաքականի հիմնական շարժիչ ուժը Հենրիխ Մխիթարյանն էր: «Շախտյորի» երիտասարդ կիսապաշտպանը վերջին երեք խաղերում գոլերի հեղինակներ դարձավ, ինչպես նաև Դուբլինում գրավեց Իռլանդիայի հավաքականի դարպասը, որտեղ հայ ֆուտբոլիստները, պարտվելով 1-2 հաշվով, դուրս մնացին հետագա պայքարից:
«Շախտյորը» ավարտեց ելույթները եվրոպական մրցասպարեզներում, բայց շարունակեց պահպանել առաջատարի դիրքերը ներքին առաջնությունում: Մխիթարյանը դարձավ գլխավոր գործող անձանցից մեկը, ովքեր օգնեցին թիմին հերթական անգամ չեմպիոն դառնալ և նվաճել Ուկրաինայի գավաթը: Երկրպագուների կողմից սիրված 23-ամյա տաղանդը Պրեմիեր լիգայում դարձավ 10 գոլի հեղինակ, ինչպես նաև քառորդ եզրափակչում Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ դժվարին խաղում խփեց հաղթական գոլը»:
Թարգմանությունը՝ Armfootball.com-ի